2023 թվականի հոկտեմբերի 30-ին ժամը 14:00-ին կայացավ Վարդենիս համայնքի ավագանու հերթական նիստը։ Ավագանու 27 անդամներից նիստին ներկա էին 24-ը, բացակայում էին ավագանու անդամներ Արամ Մելքոնյանը, Արտակ Մանուկյանը և Սևակ Սիմոնյանը։ Նիստը իրավազոր է։ Նիստը վարում է համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։ Նիստին մասնակցում էին աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Սեյրան Գրիգորյանը, աշխատակազմի կրթության, մշակույթի սպորտի, երիտասարդության և սոցիալական աջակցության բաժնի պետ Աննա Վարդանյանը, քաղաքաշինության հողօգտագործման և հողաշինության բաժնի պետ Աբգար Աբգարյանը, համայնքի ղեկավարի խորհրդական Խաժակն Մկրտչյանը և հրավիրված այլ անձինք։ Համայնքի ղեկավարը, նախքան օրակարգի հարցերին անցնելը, ամփոփեց նախորդ ամիս Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ընդունունելու, Վարդենիս համայնքում նրանց տեղավորելու ու նրանց առաջնային կարիքների բավարարելու համար համայնքապետարանի կողմից տարված զգալի աշխատանքների ընթացքը: Նա ներկայացրեց, որ Վարդենիս համայնքը ընդունել է 213 ընտանիք՝ 708 շնչով, և պետության կոմից 4 օր մեկ շնչի հաշվով սննդի համար ստացել է ընդհամենը 1,300 դրամ, ընդհանուր առմամբ՝ 547,000 դրամ, իսկ մնացած ծախսերը հոգացել են համայնքի ղեկավարի անձնական կապերի, բարերարների ու մի շարք բարեգործական կազմակերպությունների և մարզպետ՝ Կարեն Սարգսյանի անձնական կապերի շնորհիվ: Համայնքի ղեկավարը նշեց ապրանքների ցանկը, որոնք ստացել են մի շարք այլ բարեգործական կազմակերպությունների ու անձանց կողմից ու տրամադրվել են ու մինչ օրս շարունակում են տրամադրվել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, այնուհետև շնորհակալություն հայտնեց բոլոր կազմակերպություններից ու բարերարներից, իսկ Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին հավաստիացրեց, որ նրանք գտնվում են համայնքի, մարզպետարանի ու կառավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում: Համայնքի ղեկավարը մանրամասն խոսեց նաև սուբվենցիոն ծրագրերի ու նրանց ընթացքի մասին, որոնք իրականանում և իրականացել են Վարդենիս համայնքում 2023 թվականի ընթացքում: Սուբվենցիոն ծրագրերը վերաբերվում են Վարդենիս համայնքի տարբեր բնակավայրերում ասֆալտապատմանը, խմելու, ոռոգման ջրի ջրագծերի կառուցմանը, փողոցային լուսավորության ցանցերի անցկացմանը, տանիքների հիմնանորոգմանը և այլն: Տանիքների հիմնանորոգման մասին նշեց, որ 2023 թվականին ծրագրում կար հիմնանորոգման կարիք ունեցող 10 տանիք, որից 4-ը գտնվում էին Վարդենիս քաղաքում, 6-ը՝ Բանավան թաղամասում: Այնուհետև նշեց, որ Վարդենիս քաղաքի 4 տանիքների հիմնանորոգման աշխատանքները արդեն ավարտվել են, իսկ Բանավան թաղամասում ավարտվել են 5 տանիքների աշխատանքները, 1-ը դեռևս ընթացքի մեջ է՝ շուտով տանիքը կքանդեն ու կսկսեն հիմնանորոգումը: Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ ասֆալտապատման հետ կապված համայնքի ղեկավարը նշեց, որ ծրագրեր կան, որոնք դեռևս ընթացքի մեջ են, օրինակ՝ ասֆալտապատումը՝ Ծովակի, Կարճաղբյուրի, Տորֆավանի ու Վարդենիսի մի շարք փողոցներում: Վարդենիսի Գայի փողոցի ասֆալտապատուման մասով հավելեց,որ այն հասնում է մինչև Վարդենիսի հոսպիտալ, որը ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհ է, և նրա ասֆալտապատման առաջին շերտը մինչև ձյան գալը կավարտվի: Ինչ վերաբերվում է Վ. Համբարձումյան փողոցի ասֆալտապատմանը, համայնքի ղեկավարը նշեց, որ մայթի ասֆալտապատումը կհասցնեն ավարտին իսկ բուն ասֆալտի շինարարական աշխատանքները դադարեցվել են, քանի որ կոյուղու և ջրամատակարարման խողովակները գտնվում են անմխիթար վիճակում և հաջորդ տարի խողովակները պետք է փոխվեն, այսպիսով ճիշտ ենք գտել այս պահին աշխատանքները ընդհատել՝ գարնանը վերսկսելու նախապայմանով: <<Վեոլիա ջուր>> ՓԲԸ-ի ղեկավարության հետ, ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի միջնորդությամբ, ձեռք ենք բերել պայմանավորվածություն, որ մյուս տարի կառուցվելու են նոր կոյուղագծեր ու ջրամատակարարման խողովակներ, որից հետո միայն գարնանը կշարունակվեն ասֆալտապատման աշխատանքները:
Այնուհետև խոսք տրամադրվեց <<Միասնական Վարդենիս>> խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանին: Դավիթ Շահնազարյանը խոսքով հանդես եկավ և նշեց, որ ավելի քան մեկ ամիս է անցել, ինչ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով զոհվեցին մեր հարյուրավոր եղբայրները, որոնց անունները դեռևս չեն հիշատակվել, չպարզաբանված հանգամանքներում կրակին զոհ դարձան մեր քույրերը ու եղբայրները և գուցե Ադրբեջանը իր վայրագությունները թաքցնելու համար կազմակերպեց ու սրի մատնեց մեր հայրենակիցներին: Նա հիշատակեց, որ փախստական դարձան մեր 120,000 քույրերն ու եղբայրները ու հավելեց, որ արհեստականորեն պետք չէ քչացնել թիվը, նշելով 100,000 և ասաց, որ այդ թվերը մեզ հետագայում պետք են գալու: Դավիթ Շահնազարյանը հավելեց, որ չմոռանանք, որ մինչ շրջափակումը մեր հայրենակիցներից շատերը մնացել էին Հայաստանում, ընտանիքները կիսվել էին, մարդիկ մի շարք նպատակներով եկել էին Հայաստան շրջափակման ժամանակ: Ադրբեջանը իր հայատյացությամբ ավելի հեռուն գնաց, ձերբակալելով Արցախի Հանրապետության ռազմական և քաղաքական ղեկավարներին այսօր Բաքվի բանտերում են գտնվում Արցախի Հանրապետության նախկին նախագահներ՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ԱՀ ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, ԱՀ նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, ԱՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ԱՀ պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը: Այնուհետև հավելեց, որ ՀՀ իշխանություններն էլ Ադրբեջանի ագրեսիվ ու հայատյաց քաղաքականությանը գնահատական տալու, պետական մակարդակով պայքարելու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների անհապաղ ազատ արձակման փոխարեն, ձերբակալում են Արցախի ճակատագրով տարված մեր քաղաքական, ռազմական ու հասարակական գործիչներին: ԵՎ նշեց, որ իր խոսքի ապացույցն են քաղբանտարկյալներ՝ Գրիգորի Խաչատուրովի, Լևոն Քոչարյանի և այլոց ապօրինի ազատազրկումը: Այնուհետև նշելով, որ պետական մակարդակով սգո և հիշատակի որևէ միջոցառում չի իրականացել մեր քույրերի ու եղբայրների հիշատակը վառ պահելու համար, Դավիթ Շահնազարյանն առաջարկեց գոնե Վարդենիսի ավագանու նիստում , մեկ րոպե լռությամբ, հոտնկայս հարգել մեր զոհված քույրերի ու եղբայրների հիշատակը: Համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն առաջարկեց անցնել հերթական ավագանու նիստի օրակարգին, երբ ավագանու անդամ Աշոտ Գրիգորյանի կողմից հարց հնչեց, թե Կարճաղբյուր բնակավայրում արդյո՞ք այս տարի կվերջացնեն ասֆալտապատման աշխատանքները, թե՞ ոչ: Համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը պատասխանեց նրան, որ ճանապարհի մի հատվածում կա փոս-տարածություն, և այդ տարածության վրա հավելյալ աշխատանքի ընդլայնում պետք է լինի, որի հիման վրա ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան դիմում է ներկայացվել, և թույլտվություն ստանալուն պես կվերսկսվեն աշխատանքները, իսկ ինչ վերաբերվում է աշխատանքի ավարտին, ապա այս տարի աշխատանքները կավարտվեն: Համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը հերթականությամբ ներկայացրեց օրակարգի հարցերը, և առաջարկեց օրակարգում ավելացնել համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառավարման ծրագիրը հաստատելու մասին հարցը, և օրակարգի սոցիալական հարցերում ավելացնել Ավազան բնակավայրի բնակիչ Ասլի Բեգյանի հողի ապառքի զիջումը, Արամ Սահակյանի ու Արամ Մադոյանի մեքենայի գույքահարկի ապառքի զիջումները, իսկ դրամական աջակցության հարցում ավելացնել Արմեն Ռոբերտի Մարգարյանի և Ռոմիկ Աղաջանյանի, Մելանյա Վանիկի Ասատրյանի անունները, որից հետո օրակարգը հաստատելու մասին հարցը դրվեց քվեարկության։ Քվեարկության արդյունքում 24 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցը համարվեց ընդունված:
|