Վարդենիս խոշորացված համայնքը գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզում, Սևանա լճի հարավ-արևելյան կողմում: Ծովի մակերևույթից միջին բարձրությունը կազմում է 2006-2008մ, կլիման խիստ է, ձմռան տևողությունը գրեթե 6 ամիս, հունվարի միջին ջերմաստիճանը -8oC, տարեկան տեղումների քանակը կազմում է 400-500մմ: Վարդենիս խոշորացված համայնքի Այրք, Ավազան, Արեգունի, Արփունք, Գեղամաբակ, Գեղաքար, Գեղամասար, Լճավան, Կախակն, Կութ, Կուտական, Մ․ Մասրիկ, Տորֆավան, Վանևան, Նորակերտ, Փ․ Մասրիկ, Կարճաղբյուր, Ծովակ, Խաչաղբյուր, Վարդենիս, Փամբակ, Շատվան, Լուսակունք, Մաքենիս, Ն․ Շորժա, Նորաբակ, Շատջրեք, Ջաղացաձոր, Սոթք, Վ․ Շորժա, Տրետուք, Ակունք, Դարանակ բնակավայրերը բարձր լեռնային են։
Վարդենիսը Հայաստան աշխարհի հնագույն բնակավայրերից է: Այն գտնվել է Մեծ Հայքի Սյունիք նահանգի Սոթք գավառի կազմում: Համայնքի նախկին անվանումներն են եղել Վասակաշենը, Ոսկեշենը, իսկ 1969 թվականից անվանվել է Վարդենիս:
Վարդենիս համայնքը 2021թվականի համայնքների խոշորացման երկրորդ փուլում խոշորացվեց՝ իր կազմում ունենալով 1 քաղաքային` Վարդենիս և 34 գյուղական՝ բնակավայրեր: Վարդենիս համայնքի կենտրոն Վարդենիս քաղաքը ՀՀ մայրաքաղաք Երևանից գտնվում է 170կմ, իսկ մարզկենտրոն Գավառից 75կմ հեռավորության վրա: Վերին Շորժա, Ներքին Շորժա, Նորաբակ, Կութ, Ազատ և Սոթք գյուղերը հանդիսանում են սահմանամերձ համայնքներ:
Համայնքի վարչական տարածքը կազմում է 111.658 հա:
Կարճաղբյուր
Կարճաղբյուր բնակավայրը գտնվում է Սևանա լճի հարավարևելյան ափին, Վարդենիս-Երևան խճուղու մոտ, շրջկենտրոնից 13 կմ հարավ–արևմուտք։ Կարճաղբյուր, գետ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Սկիզբ է առնում Վարդենիսի լեռների արևելյան մասի հյուսիսային լանջերից և Կարճաղբյուր գյուղի մոտ թափվում Սևանա լիճ։ Երկարությունը՝ 26 կմ:
Ծովակ
Վարդենիս քաղաքից մոտ 6 կմ արևմուտք, Սևանա լճի հարավ-արևելյան ափի մոտ գտնվում է Ծովակ բնակավայրը, ծովի մակերևույթից 1920 մ բարձրության վրա։
Բնակավայրում պահպանվել են 19-րդ դարի սուրբ Աստվածածին եկեղեցին, 11-րդ և հետագա դարերում բազմաթիվ խաչքարեր, որոնցից 7-ը մի շարքի վրա են և կոչվում են «Յոթ եղբայր» (1013թ.): Բնակավայրից 1,5 կմ հյուսիս-արևելք կա «Ավերք» գյուղատեղի (մջնդ.), արևմտյան մասում` «Թուխ Մանուկ» մատուռ և գերեզմանոց։ Շրջակայքում կան կիկլոպյան ամրոց-բնակավայր (մ.թ.ա. 1-ին հզմ.), Սարդուր II-ի սեպագիր արձանագրությունը (մ.թ.ա. 8-րդ դ.)։
Լճավան
Լճավան բնակավայրը գնտվում է Կարճաղբյուր գետի աջափնյակում, ծովի մակերևույթից 2040 մետր բարձրության վրա։ Լճավան է վերանվանվել 1967 թ. մայիսի 25-ին։
Գյուղից 1 կմ հարավ-արևմուտք գտնվում է Գթաշեն գյուղատեղին (15-17-րդ դդ.), հարավում կան սրբավայրեր՝ Մայր Աստվածածին և Սուրբ Սարգիս Ատենահաս։ Գյուղի շրջակայքում է գտնվում մեկ ավերված եկեղեցի (13-14-րդ դդ.), միջնադարյան խաչքարեր ու գերեզմաններ, 3 կմ հարավ՝ «Սարի Սուրբ» մատուռ (15-17-րդ դդ.)։
Մաքենիս
Մաքենիս բնակավայրը գտնվում է Կարճաղբյուր գետի աջ ափին, ծովի մակարդակից մոտ 2200 մ բարձրության վրա։ Մաքենիս բնակավայրում է գտնվում 9-րդ դարում կառուցված Մաքենյանց վանքը։
Ախպրաձոր
Ախպրաձոր բնակավայրը գտնվում է Վարդենիս քաղաքից մոտ 11 կմ հարավ-արևմուտք։
Վանևան
Վանեվան գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում, Վարդենիս քաղաքից մոտ 3 կմ արևմուտք, Մարտունի-Վարդենիս ճանապրհի ձախ կողմում։Վանևան բնակավայրը գտնվում է ծովի մակարդակից մոտ 1950 մ բարձրության վրա։
Տորֆավան
Տորֆավան, գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում, Վարդենիս քաղաքից մոտ 2 կմ արևմուտք, ծովի մակարդակից մոտ 2000 բարձրության վրա։ Տորֆավան գյուղը հիմնադրվել է 1936 թվականին։
Լուսակունք
Լուսակունք գյուղը գտնվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում, մարզկենտրոն Գավառից 76 կմ հարավ- արևելք, ծովի մակերևույթից 1940 մ բարձրության վրա, և Երևանից 165 կմ արևմուտք։
Գյուղը հիմնադրվել է 1828 թ. յոթ ընտանիքների կողմից, որոնք Արևմտյան Հայաստանի Վանի Արճն շրջանից են եղել։ Գյուղի անունը հայերենից թարգմանվում է որպես «լույսի ակունք»:
Խաչաղբյուր
Խաչաղբյուր գյուղը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում, մարզկենտրոն Գավառից 76 կմ հարավ-արևելք։ Վերանվանվել է Խաչաղբյուր 1991 թ. ապրիլի 3ին։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1950 մետր բարձրության վրա։
Մոտակայքում են գտնվում Քռեր բնակատեղին (մ.թ.ա. 1-ին հզմ.-10-18դդ.) և Մուրադ խաչ ամրոցը (մ.թ.ա. 4-րդ-մ.թ. 5 դդ.) իսկ հարավային մասում՝ Սուրբ Բեթղեհեմ եկեղեցին (վերականգնված՝ 9դ.)։
Գեղաքար
Գեղաքար՝ գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում, մարզկենտրոն Գավառից 81 կմ հարավ-արևելք։ Գեղաքար է վերանվանվել 1991 թվականի ապրիլի 3-ին։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 2150 մ բարձրության վրա։
Բնակչությունը զբաղվում է խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ և դաշտավարությամբ։ Գյուղի մոտ կան կարմիր տուֆի հանքեր։
Գեղաքարի արևելյան մասում գտնվում է քանդակազարդ խաչքարերով ու արձանագիր տապանաքարերով հայկական գերեզմանոց (15-17-րդ դդ.)։
Այրք
Այրք գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում, Վարդենիս քաղաքից մոտ 7 կմ հարավ-արևելք։ Մարզկենտրոն Գավառից գտնվում է 80 կմ հարավ-արևելք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 2155 մ բարձրության վրա։ Այրք է վերանվանվել 1991 թվականի ապրիլի 4-ին։ Գյուղում կան Սուրբ Աստվածածին (1281 թ.) և Կաթողիկե Սուրբ Գևորգ (13դ.) եկեղեցիները, որոնց շրջակայքում կան 16-17դդ. բազմաթիվ խաչքարեր։
Ակունք
Ակունք գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում, Վարդենիս քաղաքից անմիջապես հարավ, մարզկենտրոնից 86 կմ հեռավորությամբ, ծովի մակարդակից 1991 մետր բարձրության վրա։
Վերանվանվել է Ակունք 1935 թվականին[2]։ 1995 թվականից մտնում է ՀՀ Գեղարքունիքի մարզի մեջ։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Ակունքը բարեկարգ գյուղ է, գազիֆիկացված, ապահովված խմելու և ոռոգման ջրով։ Համայնքն ունի մշակույթի տուն, գրադարան, գործող մանկապարտեզ, առողջության առաջնային պահպանման կենտրոն։
Մեծ Մասրիկ
Մեծ Մասրիկ գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում։ Գյուղը տեղակայված է Վարդենիսից դեպի հյուսիսարևելք, Երևանից 170 կմ արևելք, մարզկենտրոն Գավառ քաղաքից 75 կմ հարավ-արևելք, Սևանա լճից 10 կմ և Սոթքից 7 կմ հեռավորության վրա։ Մեծ Մասրիկը՝ հայկական իշխանանիստ-մելիքանիստ ավան էր։ XIV-դարի վերջում, այստեղ հիմնվեց առաջին հայ մելիքությունը (իշխանությունը)՝ Սոթքի Մելիք-Շահնազարյանների իշխանական տոհմը։ Գյուղում մինչ օրս պահպանվել է մելիքական հանգստարանը, մի շարք յուրօրինակ տոհմական խաչքարերով։ Գյուղի հիմնական բնակիչները հայերն են։ Գյուղից դեպի հարավ տեղակայված է Վարդենիսի շրջանի օդակայանը։ 1991 թվականին Հայաստանի անկախության հռչակումից հետո, օդակայանը դադարեց գործել։
Տրետուք
Տրետուք գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում, Վարդենիս քաղաքից մոտ 12 կմ հյուսիս-արևելք` ծովի մակարդակից մոտ 2150 մ բարձրության վրա։ Գյուղը գտնվում է մայրաքաղաք Երևանից՝ 180 կմ, մարզկենտրոն Գավառից 88 կմ հեռավորության վրա։
Վերանվանվել է Տրետուք 1991 թ. ապրիլի 3-ին։ 2017 թվականից գյուղը գտնվում է Գեղամասար համայնքի կազմում։ Գյուղում գործում են դպրոց, բուժկետ և մանկապարտեզ։
Գյուղը կոչվել է հին աղբյուրներում հիշատակվող Սյունիքի Սոթք գավառի Տրետուք գյուղի անունով։ Այդ անվանումը կապում են հայկական տոմարի չորրորդ ամսվա՝ Տրեի հետ, որն իր հերթին կապված է Հայոց դիցարանի դպրության, պերճախոսության, գիտությունների ու արվեստների աստծո՝ Տիրի անվան հետ։ Ենթադրվում է, որ բնակավայրն ունի հին պատմություն և նախկինում եղել է հայաբնակ, ինչի մասին վկայում են գյուղի տարածքում հայտնաբերված XIV-XV դարերի խաչքարերը (տես այստեղ)։
Կուտական
Կուտական գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում, Սևանա լեռների ստորոտին, մարզկենտրոն Գավառից 92 կմ հարավ-արևելք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակարդակից 2100 մ բարձրության վրա։ Կուտական է վերանվանվել 1991 թվականի ապրիլի 3-ին։ Գյուղի հարավային մասում գտնվում է 12-17 դդ. խաչքարերով գերեզմանոց, իսկ գյուղի մեջ՝ 16-17 դդ. տապանաքարեր։
Փոքր Մասրիկ
Փոքր Մասրիկ գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում, Վարդենիս քաղաքից մոտ 6 կմ հյուսիս, Մասրիկի դաշտում։ Վերանվանվել է Փոքր Մասրիկ 1991 թ. ապրիլի 3-ին։
Նախկինում Փոքր Մազրա անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Նոր Բայազետի գավառի, 1930 թվականից` Վարդենիսի շրջանի։
Նորակերտ
Նորակերտ գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում, Վարդենիս քաղաքից մոտ 7-8 կմ հյուսիս-արևմուտք, Սևանա լճի արևելյան ափից մոտ 4 կմ հեռավորության վրա։ Հիմնադրվել է 1927 թ. Վանի գավառի Սեղ գյուղից գաղթած հայերի կողմից։
Կախակն
Կախակն բնակավայրը տեղակայված է Սևանի լեռների հարավային ստորոտին` Վարդենիս քաղաքից մոտ 10 կմ դեպի հյուսիս-արևելք։ Ծովի մակարդակից բարձր է 2080-2140 մ։ Բնակավայրը Կախակն է վերանվանվել 1991 թվականի ապրիլի 3-ին։
Արփունք
Արփունք գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում, Սևանի լեռների փեշերին։ Վերանվանվել է Բահար 1978 թ. հունվարի 25-ին, ապա Արփունք` 1991 թվականի ապրիլի 3-ին։ Գյուղը գտնվում է մարզի արևելյան մասում ՝ Սևանի լեռնաշղթայի ստորոտին, Մասրիկ գետի վերին հոսանքներում, Մ-14 ճանապարհի արևելքում, մարզկենտրոն Գավառից 95 կիլոմետր հարավ-արևելք։ Բացարձակ բարձրությունը ծովի մակարդակից 2060 մետր է։
Ավազան
Ավազան գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում, Սևանի լեռների ստորոտին, լճափից ոչ հեռու, մարզկենտրոն Գավառից 97 կմ արևելք։ Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 2075 մետր բարձրության վրա։ Ավազան է վերանվանվել 1991 թվականի ապրիլի 3֊ին։ Գյուղից արևելք տեղակայված են հին հայկական գերեզմաններ։
Գեղամասար
Գեղամասար գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում, Սևանի լեռների ստորոտին, Գեղամասար գետի ափին, մարզկենտրոն Գավառից 101 կմ հարավ-արևելք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 2050 մ բարձրության վրա։ Գեղամասար է վերանվանվել 1991 թվականի օգոստոսի 8ին։ Գյուղից հյուսիս գտնվում է եկեղեցի և խաչքարերով գերեզմանոց (XV-XVII դարեր), 4 կմ հարավ-արևմուտք՝ Սպիտակ Վանք եկեղեցում։
Արեգունի
Արեգունի գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում, Սևանի լեռների ստորոտին, Սևանա լճի արևելյան ափի մոտ, մարզկենտրոն Գավառից 100 կմ արևելք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 2000 մ բարձրության վրա։ Արեգունի վերանվանվել է 1991 թ. ապրիլի 3-ին։ Գյուղի տարածքում կան հին խաչքարեր։ Հնում ունեցել է պահակատուն և եղել է ճանապարհային կայան։
Դարանակ
Դարանակ գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում, Սևանի լեռների ստորոտին, լճափից ոչ հեռու, Հավսաթաղք գետի հովտում, մարզկենտրոն Գավառից 99կմ արևելք։ Դարանակ է վերանվանվել 1991 թվականի ապրիլի 3ին։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1980մ բարձրության վրա։ Գյուղից արևելք գտնվում է Հին Դարանակ գյուղատեղին (13-16դդ.)։
Փամբակ
Փամբակ գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում, Վարդենիս քաղաքից մոտ 27 կմ հյուսիս-արևմուտք, Սևանա լճի արևելյան ափին։
Շատջրեք
Շատջրեք գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում, Վարդենիս քաղաքից մոտ 4 կմ հարավ-արևելք, Մասրիկի դաշտում, ծովի մակարդակից մոտ 2000 մ բարձրության վրա։ Վերանվանվել է Շատջրեք 1991 թ. ապրիլի 3-ին։
Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցված է 1902-1912 թվականներին ըստ երևույթին՝ ավելի հին ժամանակներից գոյություն ունեցած եկեղեցու տեղում։ Եկեղեցու հատակագիծը խաչաձև է, գմբեթը՝ սլացիկ։ Գմբեթի թմբուկի վրա կան երկարավուն լուսամուտներ։
Կառուցված է գունագեղ և սրբատաշ բազալտով, ունի 3 կամարակապ դռներ։
Բակում կան գերեզմաններ, գեղազարդ խաչքարեր, ու տապանաքարեր (15–18–րդ դար)։ Այստեղ մինչև 19-րդ դարի վերջերը պահվել են մի քանի ձեռագիր ու հին տպագիր գրքեր։ Եկեղեցու բակում թաղված են ժամանակագիր Հովհաննես Ծարեցին (16-րդ դ) և Սարգիս Վարդապետը։
10-12-րդ դարերում թվագրվող Սոթքի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը համարվում է Միջնադարյան Հայաստանի պատմաճարտարապետական արվեստի գլուխգործոցներից մեկը, մասնակիորեն վերականգնվել է ԽՍՀՄ տարիներին, 1988-90-ական թվականների ընթացքում, սակայն ավարտի չի հասցվել՝ մնալով կիսականգուն վիճակում:«Հատակն ու խորանն անբարեկարգ վիճակում են, տանիքի մի մասը քարածածկ է, իսկ մի մասը՝ թիթեղածածկ, ինչը լրջորեն խաթարում է հուշարձանի պատմաճարտարապետական տեսքը: Առավել անմխիթար վիճակում է գտնվում հուշարձանի բակը, որը շրջապատված է խոտի դեզերով, աթարի կույտերով, քարե կամ մետաղյա ցանկապատերով: Պատմական հուշարձանը եւ գյուղի միակ հոգեւոր տունը իր շքեղ տեսքի մեջ վերականգնելու համար մենք տեղական բյուջեից կգտնենք բավարար միջոցներ: Այս տարվա համար արդեն հատկացրել ենք 4,5 միլիոն դրամ, հայտարարել մրցույթ: Եկող տարում արդեն միջոցներ կգտնենք տանիքի վերականգնման եւ բակի բարեկարգման համար: Մեր մոտավոր հաշվարկներով՝ Սոթքի եկեղեցու վերականգման եւ բարեկարգման համար կպահանջվի մինչեւ 20 միլիոն դրամ: Համագործակցում ենք ՀՀ մշակույթի նախարարության համապատասխան կառույցների հետ՝ ինչպես շինթույլտվություն ստանալու, այնպես էլ՝ հուշարձանի պատմաճարտարապետական տեսքը հիմնովին պահպանելու համար»,-ներկայացրեց Կոլիկ Շահսուվարյանը:
«Սոթքի եկեղեցին Գեղարքունիքի մարզի պատմական գլխավոր հուշարձաններից մեկն է, որը կառուցվել է Դոփյան իշխանական տան կողմից: Հուշարձանի տեսքը դարերի ընթացքում որոշակիորեն խաթարվել է, իսկ 17-20-րդ դարերում լրջորեն վնասվել Սոթքում հաստատված մահմեդական բնակչության կողմից:Գովելի է, որ գյուղապետարանը նախաձեռնում ու ֆինանսավորում է այդ կարեւոր պատմական հուշարձանի վերականգնումը: Մեր կողմից կարվի հնարավորը, որպեսզի հուշարձանը վերականգնվի իր պատմաճարտարապետական ավանդական տեսքի մեջ»,-ներկայացրեց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Կոտայքի եւ Գեղարքունիքի տարածքային բաժնի գլխավոր մասնագետ Նորիկ Հազեյանը:
Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի հարավային ծայրամասում` Վարդենիս-Այրք ճանապարհի արեւմտյան կողմում, ժայռի խոռոչից հորդում է մի աղբյուր, որին տեղացիները կոչում են Սուրբ Վարդան Մամիկոնյանի անունով: Ժայռի մեջ բացված բնական քարայրը զարդարված է հինգերորդ դարում ապրած հայոց սպարապետ, Հայ առաքելական եկեղեցու կողմից սրբացված Վարդան Մամիկոնյանի դիմանկարներով, որոնց առջեւ խոնարհվում են տեղացիները եւ մոմեր վառում վաղուց մատուռի վերածված քարայրի պատերին: Վարդենիսում պահպանված ավանդազրույցներից մեկի համաձայն` Աղվանք կամ հոների աշխարհ գնալու ճանապարհին այս աղբյուրի մոտ է դադարի ու հանգստի կանգնել Վարդան Մամիկոնյանը, ինչի համար էլ դարերի մեջ սրբացվել է նաեւ աղբյուրը, իսկ կողքի քարայրը վերածվել է պաշտամունքի վայրի:
«Արմենպրես»-ի կողմից կատարված հարցումների արդյունքում շատ վարդենիսցիներ հավատում ու ընդունում են ավանդազրույցը եւ պնդում, որ Վարդան Մամիկոնյանի ռազմաերթն անցել է Գեղարքունիք-Արցախ ռազմավարական նշանակության ճանապարհով, թեեւ պատմական աղբյուրները նման բան չեն հաստատում: Իսկ վարդենիսցիների մի մասն էլ վերապահումով են մոտենում ավանդազրույցին` բերելով ավելի հետաքրքիր ու հավանական փաստարկ եւ չհամաձայնվելով սպարապետի` Վարդենիսում կանգառ կատարելու հավաստիության հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին իր կարծիքը հայտնեց Վարդենիս քաղաքի բնակիչ, Վերին Շորժայի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Աշոտ Մադոյանը, Վարդան Մամիկոնյանի սրբացված անունը եւ աղբյուր-մատուռի հուշն իրենց հետ 1830 թվականին Վարդենիս են բերել Արեմտյան Հայաստանի Դիադին քաղաքից գաղթած եւ Վարդենիսում վերաբնակված հայերը:» Դիադինին շատ մոտիկ գտնվում է մի աղբյուր-մատուռ, որը տեղացիները կապել են Վարդան Մամիկոնյանի անվան հետ, սրբացրել տեղանքը եւ պաշտել դարերով: Դիադինը շատ ավելի մոտ է Ավարայրին, որտեղով էլ կարող էր անցած լինել ու դադարի կանգնել սպարապետը ճակատամարտ տալուց առաջ: Այդ պաշտամունքի հուշ-խորհուրդն էլ իրենց հետ Վարդենիս են բերել Դիադինից գաղթած մեր պապերը եւ սպարապետի անունը հետագա սերունդների մեջ վառ պահելու համար այն կնքել են այս աղբյուրի վրա: Ամեն դեպքում, անկախ նրանից, թե որ տարբերակն է ճշմարտացի, կարեւորն այն է, որ Ավարայրի արծիվ Վարդանի անունը սրբացված է մեր քաղաքի մարդկանց հոգիներում, որ նրա անվան առաջ խոնարհվում են մեր սերունդները: Շատ ազատամարտիկներ Արցախի գոյամարտին մասնակցելուց առաջ երդում են տվել այս աղբյուր-մատուռում»,-նշեց Աշոտ Մադոյանը:
Այրք բնկավայրը Վարդենիս քաղաքից մոտ 7 կմ հարավ-արևելք։ Մարզկենտրոն Գավառից գտնվում է 80 կմ հարավ-արևելք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 2155 մ բարձրության վրա։
Այրք է վերանվանվել 1991 թվականի ապրիլի 4-ին։
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Այրքի բնակչությունը կազմել է 317 մարդ։ Մինչև 1989 թ. գյուղը հիմնականում բնակեցված է եղել ադրբեջանցիներով։ Այրքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև․
Բնակչությունը զբաղվում է անասնաբուծությամբ, դաշտավարությամբ, ծխախոտագործությամբ և կարտոֆիլի մշակությամբ։ Գյուղում կան Սուրբ Աստվածածին (1281 թ.) և Կաթողիկե Սուրբ Գևորգ (13դ.) եկեղեցիները, որոնց շրջակայքում կան 16-17դդ. բազմաթիվ խաչքարեր։
Մազրա, Մազրի, Մեզրե, Մյազրաչայ, Սոդ, Սոդից գետ, գետ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Սկիզբ է առնում Արևելյան Սևանի լեռների հարավարևմտյան լանջերից և Ծովակ գյուղից հյուսիսում թափվում Սևանա լիճ։ Երկարությունը՝ 45 կմ։Ակունքները աղբյուրներից սնվող մանր ու արագահոս առվակներ են, որ միանում և գետ են ղառնում լձամերձ հարթավայր հասնելուց միայն։
Միջին և ստորին հոսանքում դանդաղահոս է և գալարուն։ Նախկինում Մասրիկ դեպի Սևան էր հոսում Գիլլի ծանծաղ ու ճահճապատ լճի միջով։ Այժմ՝ Սևանի մակարդակի իջեցման հետևանքով, Գիլլի փոքրիկ Ժիճն ու նրա ճահճուաները չորացել են և գետը դանդաղ հոսքով թափվում է ուղղակի Սևանա լիճը, ջրհավաք ավսզանը՝ 682 կմ², տարեկան հոսքը՝ 131 մլն մ³։ Հորդանում է գարնանը, ջրերն օգտագորձվում են ոռոգման համար, Ղ. Ալիիշանը Մասրիկ կազմված Է համարում Քեթի (Քեյթի), Երիշատ կամ Արաշատ և Սոդից (Սոդ) գետերի միացումից, որոնցից Երիշաաը Մասրիկի կենտրոնական ճյուղն է, Քեթին՝ միջին և վերին հոսանքը, իսկ Սոդ կամ Սոդից գետը՝ աջ օժանդակը։ Սակայն Սոդ կամ Սոդից գետ հին անունով երբեմն անվանել են նաև ամբողջ գետը։
Մեծ Մասրիկ գյուղում 2010թ․ նոյեմբերի 4-ին բացվեց եւ օծվեց Սուրբ Աստվածածին եկեղեցին: «Արմենպրես»-իտարածած տեղեկատվությունից կարդում ենք, որ եկեղեցին կառուցվել է բարերարությամբ Մեծ Մասրիկ գյուղի նախկին բնակիչ, այժմ արտերկրում ձեռներեցությամբ զբաղվող Արարատ Ասատրյանի ներդրած միջոցների հաշվին: 25․000․000դրամի շրջանակներում վեր է խոյացել 12.70մ բարձրություն եւ 40 քառակուսի մետր մակերես ունեցող, բազալտե սրբատաշ քարերով կառուցված եկեղեցին՝ճարտարապետությամբ Ռաֆայել Հերգնյանի:
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2010թ․մայիսի 9-ին եւ ավարտվել նոյեմբերի սկզբին: Շինարարության ընթացքում այստեղ բացվել է ժամանակավոր 15 աշխատատեղ: Թեեւ եկեղեցու տեղում հնավայր կամ պատմական հուշարձան չի հայտնաբերվել, այդուհանդերձ, այն նորովի շուք է տալիս Մ. Մասրիկի հնագույն հուշարձանախմբերին, մասնավորապես հարեւանությամբ գտնվող Մելիք-Շահնազարյանների տոհմական գերեզմանոցի շքեղ խաչքարերին եւ Մեծ հայրենականում զոհված մասրիկցիների փառքի հուշարձանին:Նորակառույց եկեղեցին օծվեց ձեռամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի:
Մաքենոցաց վանք, միջնադարյան հայկական առաքելական վանական համալիր Հայաստանի Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղի եզրին։ Հիշատակվում է վաղ միջնադարից, եղել է Հայաստանի նշանավոր կրոնական և կրթական կենտրոններից։
Ըստ Ստեփանոս արք. Օրբելյանի՝ Մաքենյաց վանքի առաջնորդ, «Հայրերի հայր» Սողոմոն վարդապետը 701 թվականին կազմել է Տերունական տոների լուսաբանությունը և նահատակների հիշատակարանը՝ Տոնացույցը («Վարք սրբոց» և Հայսմավուրք)։ 8-9-րդ դարերում Մաքենյաց վանքի դպրոցում ուսանել են Ստեփանոս Սյունեցին (Ստեփանոս Քերթող), Վահան Գողթնացին, կաթողիկոսներ Սողոմոն Ա Գառնեցին, Մաշտոց Ա Եղիվարդեցին։
728 թվականին Ատրպատականից պարսիկ Բաբանի հրոսակները ներխուժել են Գեղարքունիք գավառ, սպանել 15 հզ. հոգու, կողոպտել Մաքենյաց վանքը, այրել ու ավերել վանքի բոլոր շինությունները։
Մինչ այդ, խույս տալով վտանգից, Մաքենյաց վանքի միաբանության կեսը, Սողոմոն վարդապետի գլխավորությամբ, տեղափոխվել է Զրեսկ վանքը, մյուս կեսը՝ Արցախի Եղիշե առաքյալի վանքը։ Լքված և ավերված վանքը 788 թվականին վերականգնել է Սողոմոն Գառնեցին։ 855 թվականին Մաքենյաց վանքում է թաղվել Հովհաննես Դ Ովայեցի կաթողիկոսը, որը վախճանվել էր Գեղարքունիք հովվական այցելության ժամանակ։ 9-րդ դարի վերջին Սյունյաց իշխան Գրիգոր Սուփանը Մաքենյաց վանքի միանավ բազիլիկ եկեղեցուն հյուսիս-արևելքից կից սրբատաշ տուֆով կառուցել է Ս. Աստվածածին եկեղեցին, վանքը շրջապատել բարձր պարիսպով։
Նա Մաքենյաց վանքին նվիրել է այգիներ՝ Գառնիում, Երևանում, Եղեգիսում, 5 կրպակ՝ Անիում, նախիրներ և այլն։
Մեքենյաց վանքը, հզորանալով, անկախացել է Սյունյաց մետրոպոլիտությունից և իշխել ու հոգևոր ղեկավարություն իրականացրել ողջ Գեղարքունիք գավառում՝ միայն 1513 թվականին ընդունելով Տաթևի վանքի գերակայությունը։ 16-րդ դարում այն նորոգել է Մելիքբեկը, 1666 թվականին՝ վանահայր Խաչատուր Ջուղայեցին։ 18-րդ դարում Մեքենյաց վանքի թեմում եղել են Գեղարքունիքի 50 գյուղ և 5 անապատ։ Վանքում պահվել է «Մաքենյաց ս. Նշան» խաչը՝ Կենաց փայտի մասունքով (բերվել է 11-րդ դար, Եդեսիայից)։
Ս. Աստվածածին եկեղեցին գմբեթավոր, արտաքուստ՝ ուղղանկյուն, ներքուստ՝ խաչաձև, եռախորան, արևելքում և հյուսիսարևմտյան անկյունում ավանդատներով հորինվածք ունի։ Վանքի հարավարևելյան կողմում կանգուն են միմյանց կից երկու թաղածածկ եկեղեցիներ (10-րդ դար)։ 1170 թվականին Ներսես Շնորհալին Մեքենյաց վանքում վերցրել է այնտեղ մշակված եկեղեցական կանոնակարգը՝ հայկական մյուս վանքերում կիրառելու համար։
Մաքենյաց վանքը գտնվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Մաքենիս գյուղում՝ Վարդենիս քաղաքից 15 կմ հարավ-արևելք՝ համանուն գետի ափին: Վանք հասնելու համար Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհից պետք է մտնել Ծովակ գյուղ, ապա՝ Լճավան և հասնել Մաքենիս: Եկեղեցին գտնվում է գյուղի գլխավոր ճանապարհի աջ կողմում:
Վանքն ունի ընդարձակ և պարսպապատված բակ, որի զգալի մասը հատկացված է գերեզմանոցին, որտեղ այլևս թաղումներ չեն իրականացվում: Վանքի մասին տեղեկություններ է հաղորդում Ղևոնդ Ալիշանը՝ իր «Ծիսական» գրքի 65-70-րդ էջերում. «Մեծահամբավ Մաքենոց մենաստանն իր հռչակով ամենահինն է ամբողջ Գեղամա երկրում»: Ըստ Ալիշանի՝ վանքերն ու մենաստանները սովորաբար բնակավայրերից են իրենց անունն ընդունում, իսկ այս վայրը Մաքենիս է կոչվել մենաստանի անունով, որովհետև այստեղի կրոնավորների զգեստները եղել են մաքենի կամ օդենի (ոչխարի մորթին է) նյութից: Այն անվանել են նաև Կարմիր վանք՝ կարմիր քարից պատրաստված լինելու պատճառով:
Վանքի և միաբանության ծաղկուն շրջանը սկսվել է 8-րդ դարից՝ շնորհիվ Սողոմոն Մաքենացու: Նա 701թ.-ին այսեղ գրում է «Տոնական» եկեղեցական կանոնակարգը, որը 1170-ին Ներսես Շնորհալին վերցնում է և կիրառում հայկական մյուս վանքերում: Սողոմոն Մաքենացին այստեղ հիմնում է նաև դպրոց, որտեղ ուսանել են Ստեփանոս Սյունեցին (Ստեփանոս Քերթող), Վահան Գողթնացին, կաթողիկոսներ Սողոմոն Ա Գառնեցին, Մաշտոց Ա Եղիվարդեցին: Միջնադարում վանքն այնքան հռչակավոր է եղել, որ պատմիչ Մովսես Կաղանկատվացին այն բնորոշել է «մեծ մայրաքաղաքն Մաքենացւոց»: Վանքում է պահվել XI դարում Եդեսիայից բերված կենաց փայտի մասունքով Մաքենյաց Սբ. Նշան խաչը: 855 թ.-ին Մաքենյանց վանքում է թաղվել Հովհաննես Դ Ովայեցի կաթողիկոսը, որը վախճանվել էր Գեղարքունիք հովվական այցելության ժամանակ:
728-ին Ատրպատականից պարսիկ Բաբանի հրոսակները ներխուժել են Գեղարքունիք գավառ, սպանել 15 հազար հոգու, կողոպտել Մաքենյանց վանքը, այրել ու ավերել վանքի բոլոր շինությունները: Մինչև այդ, խույս տալով վտանգից, Մաքենյանց վանքի միաբանության կեսը Սողոմոն վարդապետի գլխավորությամբ տեղափոխվել է Զրեսկ վանքը, մյուս կեսը՝ Արցախի Եղիշե առաքյալի վանքը: Լքված և ավերված վանքը 788-ին վերականգնել է Սողոմոն Գառնեցին:
IX դ. վերջին Սյունյաց իշխան Գրիգոր Սուփանը Մաքենյանց վանքի միանավ բազիլիկ եկեղեցուն կից՝ հյուսիս-արևելքից, սրբատաշ տուֆով կառուցել է Ս. Աստվածածին եկեղեցին և վանքը շրջապատել բարձր պարսպով: Նա Մաքենյանց վանքին նվիրել է նախիրներ և այգիներ՝ Գառնիում, Երևանում, Եղեգիսում և 5 կրպակ՝ Անիում:
Ամրոցը հիմնադրվել է Ծովակ գյուղի հարավային և արևմտյան մասերում գտնվող բարձունքի վրա Ք.ա. I հազարամյակի սկզբին: Ամրոցի տարածքում առկա են XI-XIX դդ վերագրվող մշակութային շերտեր և մի շարք հուշարձաններ: Ամրոցն իր բնակատեղիով բավական մեծ ու ընդարձակ է, զբաղեցրել է մոտ 3,5 քառակուսի կմ տարածություն: Ծովակ-Լճավան ճանապարհն ամրոցի տարածքը բաժանում է երկու մասի: Ամրոցը ներառում է 18 ենթահուշարձաններ, որոնցից գլխավորներն են XI-XII դդ. գերեզմանոցը (պետ. ցուցիչ` 4.51.1.2), 1718 թ. կառուցված եկեղեցին (պետ.ցուցիչ` 4.51.1.3), խաչքարերը և քարայր-կացարանների համալիրը (պետ.ցուցիչ` 4.51.1.8):
Համաձայն գոյություն ունեցող պատմական տվյալների՝ նվաճելով Վանի թագավորությունը, մարական ուժերը գրավել և ավերել են այս ամրոցը և իրենց շինարարական ընկալումներին համապատասխան վերակառուցել այն: Նրանց թողած արձանագրություններից տեղեկանում ենք, որ ամրոցն իրեն շրջապատող վայրերով կոչվել է Արքուքինի երկիր:
Ամրոցի հյուսիսային եզրի ժայռի վրա է գտնվում է Ք.ա. VIII դարի կեսերին Սարդուրի Բ-ի թողած սեպագիր արձանագրությունը (պետ.ցուցիչ` 4.51.1.1):
Պարիսպների և կացարանների պատերը կառուցված են անշաղախ շարված խոշոր բազալտ քարերից:
Գյուղի արևմտյան եզրին` սեպագիր արձանագրության վայրից 20-30 մետր դեպի ճանապարհը ձգվող հատվածում է գտնվում Ք.ա. I հզմ հիմնադրված քարայր-կացարանների համալիրը, որի պատերն ու առաստաղը ծածկված են թանձր ու կարծր ծխամրով: Ըստ գյուղացիների հիշողությունների՝ կացարանի մուտքի դիմաց, պատի խորքում եղել է նաև օջախ-կրակարան:
1906 թ.-ին ամրոցի շրջակայքում գտնվող դամբարանները պեղել է մեծանուն գիտնական Երվանդ Լալայանը: Հայտնաբերված նյութերը այժմ գտնվում են Վրաստանի պետական թանգարանում: Այդ նյութերը հիմնականում թվագրվում են Ք.ա. I հազարամյակի երկրորդ կեսով:
Միջնաբերդի հյուսիս-արևելյան կողմում գտնվում է XI-XX դդ. գերեզմանոցը, որտեղ կան տարբեր պատմական ժաանակաշրջաններին առնչվող խաչքարեր:
Ամրոցի տարածքում է գտնվում 1718թ կառուցված եկեղեցին, որը, սակայն, այժմ գտնվում է ավերված վիճակում:
Խաչքարերը պատմում են այն մասին, որ տասնամյակներ առաջ ՄեծՄասրիկ գյուղում, կանգուն է եղելեկեղեցի Ս.Աստվածածին անվամբ: Եկեղեցին գտնվել է գյուղի հարավային եզրին, գետի ափի բարձրության վրա,եղել է մեծ, թաղածածկ շենք՝ շինված անտաշ քարերով: Ներկայում եկեղեցուց մնում են մոտ երկու մետր բարձրությամբ ավերակ դարձած պատերը,իսկ առջևում նույն տիպի մի գավթի ավելի վատ պահպանված ավերակները:Պատերի մեջ ագուցված են գերեզմանական հուշարձաններ, Մելիք Շահնազարյանների տոհմին վերաբերող, որով հայտնի է դառնում,որ մոտ անցյալում եկեղեցում նորոգումներ են կատարվել:Գերեզմանական հուշարձաններից և խաչքարերից ամենահինն 1539թվականին է թվագրվում: Ս.Աստվածածին եկեղեցին ներկայիս դրությամբ վերածվել է ավերակի:
<<Փարոս>>
Գեղարքունիքի մարզ, Վարդենիս համայնք, գ. Կարճաղբյուր 2-րդ փողոց 26 շենք
Հեռ․094243373
Հյուրատուն
ք. Վարդենիս Երևանյան փ. 80
Հեռ․093097087
<<GOLDEN>>
ք. Վարդենիս Հ . Անդրեասյան 9/6
043050600/099122202
<<ԼԵՎԱՐՄ>>
ք. Վարդենիս Լեռնագործների 13/7
098999188
<<Վանևան>>
Վանևան բնակավայր
77702734
<<Հյուրատուն>>
ք․ Վարդենիս Չարենցի 4
093235285
<<Բասեն>>
Մեծ Մասրիկ բնակավայր
093404151
Facebook
Location on Google Maps
YouTube